0

«Շուկայավարման և բրենդավորման» դասընթաց և «Փորձի փոխանակման այց Տավուշի մարզ»

Սույն թվականի մայիսի 14-ին «Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնի» (SME DNC) հետ համատեղ Մեղրիի ագարակատերերի համար իրականացվեց «Շուկայավարում և բրենդավորում» թեմայով դասընթաց: CARD հիմնադրամի «Շուկաներ Մեղրիի համար» (M4M) ծրագրի և SME DNC միջև կնքված փոխըմբռնման հուշագրով որոշում էր կայացվել համատեղ դասընթաց և փորձի փոխանակման այց իրականացնել Մեղրիի տարածաշրջանի ագարակատերերի համար: Դասընթացի թեմայի ընտրությունը պատահական չէր. այն ընտրվել էր M4M ծրագրի շրջանակում իրականացված նախորդ Business to Business (B2B) հանդիպումների[1] արդյունքների և “I-Consulting”-ի կողմից անցկացված հարցումների հիման վրա: Նշենք, որ այս հարցումները անցկացվել են սուպերմարկետներում և նպատակ են հետապնդել դիտարկել չրարտադրության հետ կապված սպառողական նախասիրությունները: Վերոնշյալ դասընթացն անցկացնելու համար հատուկ հրավիրվել էր «Հայաստանի տեղական արտադրության և ապրանքանիշների զարգացման» ծրագրի գլխավոր խորհդատու պարոն Ակիհիրո Ցուկամոտոն: Պարոն Ցուկամոտոն ներկայացրեց խմբային շուկայագիտության ընդհանուր հայեցակերպերը և դրանց կիրառման հնարավոր հարթակները: Փորձագետը նաև ընդգծեց բրենդավորման կարևորությունը և գործառական նշանակությունը: Մեկօրյա դասընթացի ընթացքում պարոն Ցուկամոտոն ներկայացրեց նաև աշխատանքային գործընթացի կազմակերպման 5 S մեթոդը, որը հիմնականում վերաբերում է աշխատանքի ավելի կենտրոնացված և համակարգված ընթացքին, ձեռնահասությունների ընդլայնմանը և ռեսուրսների վատնման նվազեցմանը: Այս սկզբունքը ի սկզբանե ճապոնական է և մեծ կիրառություն է ստացել ամբողջ աշխարհում: Հարցուպատասխանի ժամանակ ագարակատերերը հնարավորություն ունեին տեղում հանդես գալ հարցերով և ստանալ պատասխաններ պարոն Ցուկամոտոյից: Նույն օրը ագարակատերերը մեկնեցին Տավուշի մարզի Իջևան քաղաք՝ շարունակելու ծրագիրը փորձի փոխանակման այցով: Այս այցը կազմակերպվել է SME DNC Տավուշի և Սյունիքի տարածաշրջանային գրասենյակների համագործակցության արդյունքում՝ M4M և SME DNC միջև կնքված փոխըմբռնման հուշագրի համատեքստում: Փորձի փոխանակման այս այցի հիմնանպատակն էր բացահայտել, թե ինչ տեսակի աջակցություն կարող է ցուցաբերել SME DNC Սյունիքի գրասենյակը փոքր և միջին ձեռնարկատիրության խթանման գործում: Այս միջոցառման նպատակներից էր նաև տարածաշրջանի ձեռներեցներին ներակայացնել հաջողված գործարար նախագծերի փորձը, ոռոգման նորագույն տեխնոլոգիաները, ինչպես նաև չրի վերամշակման, փաթեթավորման, պիտակավորման և պահպանման եղանակները: Ագարակատերերի այցը սկսվեց “BagFruit” ՍՊԸ-ից, որը հիմնադրվել է SME DNC Սյունիքի գրասենյակի աջակցությամբ: Այն կարելի է համարել չրի հավաքակայանի ստեղծման հաջողված ծրագիր, որը գործում է համապատասխան բոլոր իրավական նորմերի, և որի անալոգը բացակայում է Մեղրիում: Ընդ որում ըստ նախորդ B2B հանդիպումների ընթացքում բարձրացված խնդիրների՝ այստեսակ հավաքակայանի հիմնումը Մեղրիում այսօր արդեն հրամայական է: Ինչպես նշեց Մեղրիի ագարակատերերից մեկը.

–        Սա հաջողված և իրատեսական նախագիծ է, և շատ օգտակար էր տեսնել այն սեփական աչքերով, որովհետև մեր հաջորդ քայլը կլինի նման հավաքակայանի ստեղծումը Մեղրիում:

Իջևանում ագարակատերերը այցելեցին տնային պայմաններում չրարտադրության կետեր և արքայանարնջի և թզի նոր այգիներ: Այս այցի նպատակն էր վերհանել Տավուշի և Սյունիքի արտադրանքի նմանություններն ու տարբերությունները: Ագարակատերերը նաև հնարավորություն ունեցան ծանոթանալ ժամանակակից տեխնոլոգիաներով ջերմատներին՝ այցելելով կաթիլային ոռոգման համակարգով աշխատող հիդրոպոնիկ ջերմատուն, որը նույնպես հիմնադրվել է SME DNC աջակցությամբ: Սա հնարավորություն ստեղծեց մտածել նոր, այլընտրանքային բիզնես մոդելների մասին: Ավելին, ագարակատերերը ականատեսը եղան, թե ինչպես են գործում ոլորտում փոքր ձեռնարկությունները հատկապես նոր պտղատեսակների՝ պիստակի և ձիթապտղի աճեցման գործում: Այս պտղատեսակները կարող են բավականին հարմարվողական և շահավետ լինել Մեղրիի տարածաշրջանում նույնպես: Փորձի փոխանակման այս այցը եզրափակվեց SME DNC Տավուշի գրասենյակ այցելությամբ, որտեղ գրասենյակի ներկայացուցիչները մասնակիցներին պատմեցին աջակցության բոլոր այն քայլերի մասին, որոնք ցուցաբերվել են տարածաշրջանի սկսնակ փոքր և միջին ձեռնակություններին: Միջոցառման ավարտին  Մեղրիի ագարակատերերին հաջողվեց ոչ պաշտոնական համաձայնության գալ Իջևանի գործընկերների հետ՝ թարմ մրգի և չրի հետագա մատակարման և վաճառքի ակնկալիքով: