0

Ֆինանսական իրազեկվածության բարձրացման ծրագրեր Մեղրիի երիտասարդների համար

2014թ. սեպտեմբերին «Շուկաներ Մեղրիի համար» ծրագիրն սկսեց իր համագործակցությունը «Հայաստանի պատանեկան նվաճումներ» (ՀՊՆ) հասարակական կազմակերպության հետ: Սույն համագործակցության հիմնական նպատակն էր ներգրավել Մեղրիի երիտասարդ բնակչությանը ՀՊՆ-ի կողմից իրականացվող կարողությունների զարգացման և ֆինանսական իրազեկվածության բարձրացմանն ուղղված մի շարք ծրագրերում: Այս համատեղ ծրագրի հիմնանպատակն էր խթանել Մեղրիի տարածաշրջանի երիտասարդների ֆինանսների կառավարման կարողությունների զարգացմանը: Այդ իսկ պատճառով Մեղրիի երիտասարդների համար իրականացվել են բյուջեի, բիզնեսի պլանավորման, ֆինանսների կառավարման, վարկային միջոցների վերաբերյալ ժամանակակից, ոչ ֆորմալ դասընթացներ:

Այս տարածաշրջանում փոքր ագարակային տնտեսություններ ունեցողները չունեն անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ սեփական ֆինանսական միջոցների կառավարման համար. դժվարանում են իրականացնել համապատասխան գործողություններ առ այն, թե ինչպես պետք է հաշվարկել  միանգամյա և անկանոն եկամուտը, կազմակերպել կարճաժամկետ և երկարաժամկետ բյուջեն, արդյունավետ հաշվարկել վարկի տոկոսադրույքը, ինչպես նաև հարկային պարտավորությունները, կամ պարզապես ընկալել հիմնական տնտեսական և ֆինանսական եզրաբանությունը: Սա վերաբերում է նաև շրջանի երիտասարդ բնակչությանը. նրանք նույնպես չեն տիրապետում ֆինանսական գործիքների օգտագործման վերաբերյալ գիտելիքների: Այս հանգամանքն ի վերջո կարող է հանգեցնել ապագայում ռիսկային ֆինանսական որոշումների կայացմանը: Երեխաները մեծանում են ավելի ու ավելի խրթին պայմաններում: Գումարն ավելի քիչ տեսանելի է դառնում, վարկային հնարավորությունները ավելի դյուրին են, իսկ ֆինանսական ապրանքների ընտրությունը և բարդությունը այդ համատեքստում աճում է: Ներկայումս շատ կարևոր է, որ հատկապես հեռավոր շրջանների երիտասարդներին մատուցվեն համապատասխան գիտելիքներ, հմտություններ և վարքագծի կանոններ` երիտասարդ տարիքից լավ սպառողողական և ֆինանսական սովորույթների արմատավորման համար: Վերջինս չափազանց կարևոր է նրանց ապագա բարեկեցության հիմքերի կայացման համար:

Հաշվի առնելով վերոհիշյալ գործոնները` «Շուկաներ Մեղրիի համար» ծրագիրը ՀՊՆ-ի հետ  համատեղ համարյա մեկ տարի իրականացնում է կարողությունների զարգացման և ֆինանսական իրազեկման բարձրացման ուսումնական ծրագիր Մեղրիի երիտասարդ բնակչության համար:

Այնուամենայնիվ, սա «Շուկաներ Մեղրիի համար» նախագծի միակ համագործակցությունը չէ այս ոլորտում: Հոկտեմբերի 28-31 «Շուկաներ Մեղրիի համար» ծրագիրը Հայաստանի Կենտրոնական բանկի,  Ֆինանսական համակարգի հաշտարարի, «Կամուրջ» ՈւՎԿ եւ «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ հետ համագործակցությամբ ուսումնական այց նախաձեռնեց Երևանում Մեղրիի պետական քոլեջի տասնվեց ուսանողների, դասախոսների, ինչպես նաև «Նախաձեռնություն և զարգացում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների համար: Այդ չորսօրյա միջոցառման ընթացքում ուսանողները մասնակցեցին սեմինարներին և ուսումնական այցերին` հյուրընկալվելով վերոնշյալ կազմակերպությունների փորձագետների մոտ:

Առաջին օրը երիտասարդներն այցելեցին Հայաստանի Կենտրոնական բանկ: Այս այցի ընթացքում բանկի «Սպառողների իրավունքների պաշտպանության և ֆինանսական կրթության կենտրոնի» փորձագետներ Սոնա Լալայանը և Արթուր Փոքրիկյանը երիտասարդների համար դյուրընկալելի ձևով ներկայացրեցին Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կառուցվածքը, բյուջեի պլանավորման մեխանիզմները, ակտիվների և պարտավորությունների կառավարումը, ինչպես նաև www.abcfinance.am կայքի «Ֆինանսական օգնական» և «Հաշվիչ» գործիքները: Մասնակիցները հնարավորություն ունեցան գործնականում օգտագործելու «Բյուջեի պլանավորում», «Վարկ» և «Ավանդ» հաշվիչները: Նրանք նաև կարողացան ծանոթանալ ՀՀ Կենտրոնական բանկի պատմությանը, դրա գործառույթներին, հայկական արժույթի պատմությանն և այլ հարակից թեմաներին:

Երկրորդ օրը մասնակիցներն այցելեցին «Ֆինանսական համակարգի հաշտարարի» գրասենյակ, որտեղ փորձագետներ Աշոտ Ղոչիկյանն ու Լիլիթ Սիմոնյանն ամենայն մանրամասնությամբ  ներկայացրեցին հաշտարարի գործառույթները, վերջինիս դիմելու ընթացակարգերն և այլն: Ուսանողները նաև ներգրավվեցին վարկային, ավանդային և ապահովագրական պայմանագրերի հիմնական ուշագրավ կետերի վերաբերյալ քննարկումներին:

Ուսանողները այնուհետև այցելեցին «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ: Միկրովարկավորման բաժնի պետ Ռուզաննա Հարությունյանը և գլխավոր ներքին աուդիտոր Արայիկ Ծատուրյանը մանրամասն տեղեկություններ հաղորդեցին վարկերի միջոցով բիզնեսների ֆինանսավորման հետ կապված վարկային ապրանքների և ռիսկերի վերաբերյալ: Փորձագետները նաև ներկայացրեցին ֆինանսական հաշվետվությունների տեսակները և ներդրումային որոշումների կայացման համար դրանց կարևորությունը:

Ուսումնական այցն եզրափակվեց «Կամուրջ» ՈւՎԿ այցելությամբ: Կազմակերպության ներկայացուցիչ պրն. Արամ Արևյանը ելույթ ունեցավ «Կամուրջ» ՈւՎԿ-ի ֆինանսական ապրանքների և դրանց ժամանակագրական զարգացման մասին:

«Հեռավոր շրջանների երիտասարդների համար նման նախաձեռնությունները մեծ նշանակություն ունեն, քանի որ նրանք հնարավորություններ չունեն ծանոթանալու այնպիսի հաստատություններին, ինչպիսիք են ՀՀ Կենտրոնական բանկը, կամ նույնիսկ պարզապես ստանալու համապատասխան ֆինանսական գիտելիքներ: Այս ուսումնական այցն ինչ-որ չափով ոչ ֆորմալ կրթության մաս է, որն ավելի արդյունավետ է քան պարզապես դասասենյակում լինելը» – ասաց «Նախաձեռնություն և զարգացում» ՀԿ-ի ներկայացուցիչ Աննա Օհանջանյանը:

«Ես շատ տպավորված եմ այս ուսումնական այցով: Այն հնարավորություն տվեց մեր երիտասարդներին ստանալու ժամանակակից համապատասխան տեղեկատվություն տարատեսակ ֆինանսական հասկացությունների վերաբերյալ, ինչը նրանք հետագայում կօգտագործեն որպես գործնական միջոցներ իրենց նախաձեռնություններում» – նշեց Մեղրիի պետական քոլեջի դասախոսը: