0

Ծրագրի Նկարագիրը

Զարգացման և համագործակցության շվեյցարական գործակալության (SDC) ֆինանսավորմամբ իրականացվող «Շուկաներ Մեղրիի համար» (M4M/ՇՄՀ) ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի տնտեսական զարգացմանը` Սյունիքի մարզի (Հայաստանի հարավային շրջան) պտղաբուծության ոլորտի խթանման միջոցով: Ծրագրի առաջին փուլն իրականացվել է SDC-ի երկարամյա գործընկեր շվեյցարական կազմակերպության և «ՇԵՆ» հայաստանյան ՀԿ-ի կողմից, որն ակտիվ դերակատարում ունի գյուղի զարգացման նախաձեռնություններում: Ծրագրի առաջին փուլը մեկնարկել է 2009թ. դեկտեմբերին: Առաջին փուլի ավարտից հետո SDC-ը որոշեց շարունակել Մեղրիի տարածաշրջանի տնտեսական զարգացմանն ուղղված իր գործունեությունը` 2012-2017թթ. տարածաշրջանային համագործակցության իր ռազմավարության շրջանակներում, ուստի, ևս 4-ամյա ժամկետով երկարացրեց ՇՄՀ ծրագրի տևողությունը` 2013թ. հունվարից սկսած: Երկրորդ փուլն իրականացվում է «ՀԵԼՎԵՏԱՍ Սվիս Ինտերկորպորեիշն» կազմակերպության կողմից (որը ստեղծվել է 2010 թվականին երկու շվեյցարական կազմակերպությունների /«Ինտերկորպորեշն» և «Հելվիտաս»/ միաձուլման արդյունքում)` «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (ՔԱՐԴ) հիմնադրամի համագործակցությամբ:

ՇՄՀ ծրագիրը կիրառում է «շուկաներ աղքատների համար» (M4P) մոտեցումը, որը միտված է աղքատության հաղթահարմանը: Մոտեցման առանցքային գաղափարն այն է, որ բնակչության աղքատ խավերի կենսակերպը կախված է շուկայական համակարգերից: Հետևաբար, այդ շուկայական համակարգերի այնպիսի փոփոխությունը, որը հնարավորություն կտա ապահովել դրանց արդյունավետ և կայուն գործունեությունն ի նպաստ աղքատ բնակչությանը, կնպաստի վերջիններիս կենսակերպի բարելավմանը և արդյունքում նաև` աղքատության հաղթահարմանը: Առավել հասանելի և մրցունակ շուկաներն աղքատ բնակչության համար կստեղծեն աղքատությունը հաղթելու ուղիներ` ապահովելով առավել իրատեսական ընտրության տարբերակներ և հնարավորություններ:

ՇՄՀ ծրագրով նախատեսվում են միջամտության (վերջնարդյունքների) չորս ոլորտներ, որոնք ուղղված են հաղթահարելու ֆերմերներին, վերամշակող և միջնորդ կազմակերպություններին դիմակայող այն հիմնական խոչընդոտները, որոնք սահմանափակում են նրանց արտադրողականության և շահութաբերության աճը: Դրանք են`

Գիտելիքների, տեղակատվության և ներդրանքների մատակարարման հասանելիություն. Ծառայություններ և ներդրանքներ մատակարարող կազմակերպությունները բարելավում են արդի գյուղատնտեսական տեղեկատվության և ներդրանքների հասանելիությունը ֆերմերների համար:
Ֆինանսական միջոցների և ծառայությունների հասանելիություն. Ֆինանսական ծառայություններ մատուցող կազմակերպություններն առաջարկում են ավելի շատ, ավելի լավ և ֆերմերների, վերամշակող ձեռնարկությունների ու մասնավոր այլ դերակատարների կարիքներին համապատասխանեցված խորհրդատվական ծառայություններ պտղաբուծության ոլորտում, ինչպես նաև ապահովում են ներդրումների համար անհրաժեշտ կապիտալի հասանելիությունը.
Շուկայի բարելավված հասանելիություն. Ֆերմերների և գնորդների (վերամշակող ձեռնարկություններ, առևտրային և միջնորդ կազմակերպություններ, արտահանողներ) միջև առևտրային կապերի բարելավում, որը հնարավորություն կտա մուտք գործել ավելի բարձրարժեք շուկաներ.
Լոբբիինգի և գործարար միջավայրի զարգացում. Տեղական (համայնքային և մարզային) իշխանությունները մշակում և իրականացնում են առավել նպաստավոր գործարար միջավայրի ստեղծմանը միտված ռազմավարություն` պետական-մասնավոր գործընկերության միջոցով պտղաբուծության ոլորտում ներդրումները խթանելու նպատակով:
Ծրագրային միջամտությունները կաջակցեն ծառայությունների և հարակից գործառույթների ոլորտներում փոփոխությունների կատարմանը, որոնք ներկայում բացասաբար են ազդում ոլորտի կատարողականի վրա: Հետևելով M4P մոտեցման տրամաբանությանը` Ծրագիրն ինքը երբեք չի իրականացնի համապատասխան գործառույթները/ծառայությունները, այլ միշտ կձգտի խրախուսել շուկայի համապատասխան դերակատարներին, որպեսզի նրանք ստանձնեն նոր ծառայություններ/գործառույթներ կամ բարելավեն իրենց կատարողականը: ՔԱՐԴ հիմնադրամն իրականացնում է այս ծրագիրը համապատասխան պետական մարմինների, վերամշակող ձեռնարկությունների, առևտրային ընկերությունների, գյուղացիական տնտեսությունների և Մեղրիի շրջանում գործող զարգացման այլ ծրագրերի հետ սերտ համագործակցությամբ: