0

«Բիզնեսը բիզնեսի համար» երկրորդ հանդիպում. շուկայի դերակատարների համագործակցության խթանում

Ընդհանուր առմամբ «Բիզնեսը բիզնեսի համար» միջոցառումները (B2B) շատ կարևոր դերակատարում ունեն հասարակական կյանքում: Նմանատատիպ բիզնես հանդիպումները թույլ են տալիս մասնակիցներին ճանաչել ոլորտի ներակայացուցիչներին և շատ կարևոր ծանոթություններ հաստատել՝ լինեն դրանք գործարար բանակացությունների միջոցով, կապերի հաստատման, կամ ինչու ոչ նաև անձնական նախասիրությունների կերտման միջոցով: Այստեսակ հանդիպումները հիմնանպատակ են հետապնդում մասնակիցների միջև թափանցիկություն և վստահություն զարգացնելու, գնահատելու ինտեգրման խնդիրները, միմյանց ունակություններն ու հմտությունները: Այն նաև հնարավորություն է ստեղծում, որպեսզի մասնակիցները ձեռք բերեն կամ զարգացնեն փոխվստահության վրա հիմնված ամուր հանրային և գործարար հարաբերություններ, ինչպես նաև կազմակերպություն կամ ծրագիր մեկնարկելու հարաբերական նորմերն ու առանձնահատուկ մշակույթը: Նմանատիպ ծրագրերը նաև հարթակ են ստեղծում առանձին շփումների համար, որոնց շնորհիվ մասնակիցները կարողանում են հանգել մի շարք գործարար համաձայնությունների: B2B հանդիպումների առավելությունների շարքին են պատկանում`

  • թիմերի ձևավորումը;
  • գործարար կորովի բարձրացումը;
  • բիզնես հատկությունների վերհանումը;
  • արդյունավետ հաղորդակցման ստեղծումը;
  • վերլուծական մտածելակերպի բարձրացումը;
  • գործարար հարաբերությունների ստեղծումը:

«Շուկաներ Մեղրիի համար» (M4M) ծրագրի պարագայում դերակատարները հիմնականում Մեղրիի տարածաշրջանից են և ընդհանուր շուկայի վերաբերյալ ունեն սահմանափակ տեղեկատվություն: Հանրային ծառայությունները թերֆինանսավորված են, որի պատճառով տեղեկատվություն չի հրապարակվում շուկաների, գների, հնարավորությունների, միտումների, շուկայի առաջատար դերակատարների վերաբերյալ:

Ագարակատերերի միջև թերկազմակերպվածությունը, գործարքային բարձր գները, ագարակատերերի և գնորդների միջև փոխվստահության պակասը կարելի է դասել ոլորտում առկա խնդիրների շարքին: Ագարակատերերի և սուպերմարկետների միջև բանակցությունները ժամկետայնության, որակական, ինչպես նաև լոգիստիկ կառավարման տեսանկյունից բավականին թերի են: Մարքեթինգը և վաճառքը շարունակում են իրականացվել համաձայն ավանդական կաղապարների. արտադրողներն ուղղակիորեն վաճառում են իրենց ապրանքը երևանյան վերավաճառողներին` բավականին ցածր գնով: M4M ծրագրի շրջանակներում, այս խնդիրներին լուծումներ տալու նպատակով, երկու անգամ B2B հանդիպումներ են տեղի ունեցել: 2013 թ-ի հունիսի 1-ին նախաձեռնվեց առաջին B2B հանդիպումը Մեղրիի տարածաշրջանի մրգարտադրողների և ամբողջ Հայաստանից պոտենցիալ գնորդների համար: Նախաձեռնության հիմնական նպատակն էր քննարկել ոլորտում առկա բոլոր խնդիրները և համագործակցության եզրեր գտնել շահեկիցների միջև: B2B հանդիպումը տեղի ունեցավ Ագարակ քաղաքում: Այն խթան հանդիսացավ ագարակատերերի և վերամշակող ու վաճառող ընկերությունների միջև կապերի հաստատմանը: Հիմնվեցին առաջին արժեշղթաները, որոնց շնորհիվ բնական եղանակով չորացված մրգերի մի փոքր զանգված փաթեթավորվեց, պիտակավորվեց և արտահանվեց Շվեյցարիա և Ռուսաստանի Դաշնություն փորձարկման համար: B2B անդրանիկ հանդիպման դրական արդյունքները հաշվի առնելով` M4M ծրագիրը որոշեց շարունակական աջակցություն ապահովել նման նախաձեռնություններին: Նշենք, որ արժեշղթաներն իրենց հերթին նպաստում են Մեղրիի տարածաշրջանի փոքրածավալ ձեռներեցության կայուն զարգացմանը: Ծրագրի շրջանակներում երկրորդ B2B հանդիպումը տեղի ունեցավ սույն թվականի դեկտեմբերի 6-8 Ծաղկաձորում: Այս անգամ ծրագրի աշխատակազմը որոշեց միջոցառումն անցկացնել մայրաքաղաքին մոտ, որպեսզի հնարավոր լինի ապահովել արժեշղթաների վերին մակարդակի դերակատարների (գնորդների, սուպերմարկետների, վերամշակող և արտահանող ընկերությունների) մասնակցությունը ևս: Սույն միջոցառման հիմնական նպատակներն էին`

  • ռազմավարական հիմքի վրա դնել Մեղրիի տարածաշրջանի փոքր ագարակատերերի/արտադրողների և գնորդների/վերջնական սպառողների միջև հետագա համագործակցությունը;
  • հասկանալ արտադրողների և սպառողների դեմ ծառացած խնդիրներն ու հրամայականները;
  • սահմանել փոխարդյունավետ համագործակցության հնարավորությունները և առաջնայնությունները;
  • մի շարք հարցերի լուծումների վերաբերյալ համաձայնության գալ;
  • նոր արժեշղթաներ հիմնել;
  • արդեն հաստատված կապերին հետագա աջակցություն ցուցաբերել:

Միջոցառումը մեկնարկեց դեկտեմբերի 6-ին, և բացման արարողությանը հանդես եկան Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասսերը, CARD հիմնադրամի նախագահ Գագիկ Սարդարյանը, Եվգենի Ռյազանովը շվեյցարական HELVETAS հիմնադրամից, ծրագրի համաղեկավար Հասմիկ Ալթունյանը CARD հիմնդրամից, Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչը և M4M ծրագրի անդամները: Հաջորդ օրը մասնակիցները ներգրավվեցին ավելի գործնական աշխատանքներում՝ կազմելով երկու խումբ` «Չրեր» և «Թարմ մրգեր» անվանումներով: Աշխատանքային խմբերը կազմվեցին ըստ մասնակիցների գործունեության ոլորտների և հետաքրքրությունների: Յուրաքանչյուր աշխատանքային խմբում անցկացվեցին բավականին արդյունավետ քննարկումներ առկա խոչընդոտների և դրանք հաղթահարելու եղանակների վերաբերյալ: Քննարկումներն ավելի արդյունավետ դարձնելու համար կիրառվեց «Գիտելիքի սրճարան» ձևաչափը: Մասնակիցները բավականին ակտիվություն ցուցաբերեցին քննարկումների ընթացքում: Մեղրիի տարածաշրջանի արտադրողները և փոքրամասշտաբ ագարակատերերը վերհանեցին մի շարք խնդիրներ, որոնք խանգարում են իրենց արժեշղթայի լիիրավ անդամ դառնալուն: Հիմնական խնդիրները կապված են պահոցների, պիտակավորման և փաթեթավորման հարմարանքների բացակայության, ինչպես նաև միջազգային ստանդարտների հետ անհամապատասխանության, ֆինանսական միջոցների և հետագա զարգացման համար նորարար տեխնոլոգիաների բացակայության հետ: Բարձրացված խնդիրների շարքին են նաև պատկանում արտահանման համար նույնատեսակ ապրանքի սակավությունը, սպառողների հետ կապի բացակայությունը, ինչպես նաև շուկա մուտք գործելու հմտությունների բացակայությունը: Գնորդների տեսանկյունից` Մեղրիի տարածաշրջանի խոշորագույն խնդիրներից մեկը կենտրոնացված հավաքատեղիի բացակայությունն է. դրա առկայության դեպքում գնորդներն ի վիճակի կլինեին կապ պաշտպանել մեկ կազմակերպության հետ, քանի որ իրատեսական չէ աշխատել միանգամից 1500 փոքրածավալ գործունեություն ծավալող ագարակատերերի հետ: Բացի դրանից, մեծածավալ սպառողները և՛ միջազգային, և՛ տեղական շուկաներում միատեսակ ապրանքի կարիք ունեն, որը կհամապատասխանի միջազգային և տեղական ստանդարտներին: Մեղրիի պարագայում սա, թերևս, խնդրահարույց է, որովհետև կան մոտավորապես 1500 փոքր տնտեսություններ, որոնք, օրինակ, չրարտադրության տեսանկյունից տարբերվում են իրենց չորացման եղանակների և մեթոդների կիրառությամբ:

Աշխատանքային խմբերի քննարկումների ընթացքում մանրամասն վերլուծվեցին որոշ խնդիրներ: M4M ծրագրի համաղեկավար Հասմիկ Ալթունյանը կենտրոնացված հավաքատեղիի վերաբերյալ նշեց, որ այդ նախաձեռնությունը առաջարկվել է գնորդների/սպառողների կողմից, այլ ոչ ագարակատերերի, իսկ առանց ագարակատերերի հետաքրքրվածության այն ուղղակի անարդյունավետ կլինի: Հաջորդ քննարկումների ընթացքում ագարակատերերի հետաքրքրվածությունը այս նախաձեռնության վերաբերյալ ակնհայտ էր:

«M4M-ը ձեզ օգնության ձեռք մեկնելու համար է, ձեր ձգտումներին հասնելու ճանապարհին ձեզ աջակցելսու և ուղղություններ ցույց տալու, և ոչ գործելաոճ թերադրելու համար»,- նշեց Հասմիկ Ալթունյանը:

Հայաստանի խոշորագույն արտահանող կազմակերպության՝ AraratFruit-ի ներկայացուցիչը ևս հրավիրյալների շարքում էր, քանի որ, բացի թարմ մրգի 65%[1] արտահանումից, կազմակերպությունն սկսել է զբաղվել նաև թարմ մրգի վերամշակմամբ: Ընկերությունը իրականացնում է ամբողջական բիզնես ցիկլ, որը բաղկացած է շղթայի բոլոր մակարդակներից՝ սկսած իրականացվող ագրոտեխնիկական աշխատանքներից, վերջացրած վաճառքով: AraratFruit-ը ներկայումս կառուցում է հարավկովկասյան տարածաշրջանում թարմ մրգի մշակման նոր խոշորագույն կազմակերպություն, որը կարող է սպառել և վերամշակել բոլոր տեսակի և որակի մրգեր: B2B հանդիպման ընթացքում որոշ տեսլական պայմանավորվածություններ ձեռք բերվեցին AraratFruit ընկերության և ագարակատերերի միջև: Ինչպես արդեն նշվեց, B2B հանդիպումից հետո թարմ մրգի և չրարտադրության ոլորտի արժեշղթաներ հիմնվեցին Մեղրիի ագարակատերերի և երկու սուպերմարկետների, վերամշակող մեկ ընկերության և երկու գյուղատնտեսասպառողական կոոպերատիվների միջև: Երկրորդ միջոցառման ժամանակ ագարակատերերի որոշ խմբեր, վերամշակող և առևտրային ընկերություններ ստեղծեցին մի շարք արժեշղթաներ: Հարկ է, որ այս ֆերմերների շարքում կանայք գերակշռում են, ավելին՝ այս խմբերը հիմնականում ղեկավարվում են կին-ագարակատերերի կողմից, որպիսիք են օրինակ Սիրանուշ Քառյանը և Լիլիթ Ավետիսյանը: Մեկ այլ խմբի ղեկավար է Վանիկ Քարամյանը: M4M-ը հետագայում ևս աջակցություն կցուցաբերի ագարակատերերին հատկապես չրարտադրության արժեշղթաների ոլորտում՝ փորձելով ստեղծել «Մեղրիի բրենդը» և այն գովածանել միջազգային շուկայում: Հատկանշական է, որ շնորհիվ ծրագրի, ֆերմերների երեք խմբեր և երկու վերամշակողներ արդեն իսկ օգտագործում են չորացման ժամանակակից և նորարարական տեխնոլոգիաներ: Մեղրիի ագարակատերերն այսօր առաջին անգամ արտադրում են կտրատած և կեղևազրկված արքայանարինջ՝ համապատասխանեցնելով արտադրությունը միջազգային սպառողական ստանդարտներին և միտումներին:

Ըստ մասնակիցների կարծիքի՝ միջոցառումն արդյունավետ էր և օգտակար: Ինչպես նշում է ֆերմերներից Ալեքսանդր Հովհաննիսյանը. «Հանդիպումը շատ արդյունավետ էր նախ և առաջ բիզնես կապերի հաստատման տեսանկյունից, փորձեցինք նաև լուծումներ գտնել տարածաշրջանի գյուղատնտեսության զարգացման հարցերի ուղղությամբ: Կուզենայի, առիթն օգտագործել և շնորհակալությունս հայտնել M4M-ի թիմին նման հնարավորություն ընձեռելու համար»:

Որպես սղագիր՝ հաջորդիվ ներկայացված են մասնակիցների հիմնական առաջարկություններն առ այն, թե ինչպես կարող է ծրագիրն աջակցել ագարակատերերին՝

  • աջակցել կենտրոնացված հավաքատեղիի ստեղծմանը;
  • բարելավել գյուղներդրանքների հասանելիությունը;
  • հիմնել դեմո-այգիներ տարածաշրջանում մշակաբույսերի նոր տեսակների փորձարկման համար;
  • ավելի շատ փորձի փոխանակման միջոցառումներ և գործարար հանդիպումներ կազմակերպել:

M4M-ի աշխատակազմը օգնության ձեռք կմեկնի ագարակատերերին վերոնշյալ աշխատանքների իրականացման, ինչպես նաև առավել կայուն համագործակցության և բիզնես կապերի ամրապնդման հարցերում: