0

«Բիզնեսը բիզնեսին» (B2B) հանդիպում

Սույն թվականի հունիսի 1-ին «Շուկաներ Մեղրիի համար» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց Մեղրիի տարածաշրջանի մրգի արտադրությամբ զբաղվող գործարարների և Հայաստանի ամբողջ տարածքից պոտենցիալ գնորդների հանդիպում, որի ընթացքում քննարկվեցին կողմերի համագործակցության հետ կապված մի շարք խնդիրներ: Բիզնես հանդիպումը տեղի ունեցավ Ագարակում, որին մասնակցեցին շուրջ 60 մարդ:

Շուկայի տարբեր դերակատարների միջև ձևավորված կապերի տեսակն ու հարատևությունը կախված է մասամբ փոխադարձ հետաքրքրությունների վրա հիմնված համաձայնությունների և մյուս կողմից նաև մի շարք այլ գործոնների վրա: Այդ գործոնների շարքին են դասվում ֆիզիկական և ինստիտուցիոնալ միջավայրը, ինչպես նաև ներգրավված ապրանքների և գործընթացների տեսակները: Ընդհանուր առմամբ, արդյունավետ հաղորդակցությունը և տեղափոխումը ամրացնում են ագարակատերերի և վերավաճառողների կամ վերամշակողների միջև կապը, մինչդեռ համարժեք հարմարությունների տրամադրմանն ուղղված ծառայությունները խթանում են գյուղատնտեսական բիզնեսի զարգացումը արտադրողների շրջանում:

Հաջողությամբ պսակված կապերն այս ոլորտում շահեկան են արժեշղթայի բոլոր մասնակիցների համար: Բիզնես կառավարման հիանալի հմտությունները ագարակատեր- գյուղբիզնես կապերի ստեղծման, պահպանման և զարգացման նախապայման կարելի է համարել: Որոշ ապրանքներ պահանջում են ագարակատերերի և վերամշակողների ավելի սերտ համագործակցություն:

Մի շարք սահմանափակումներ կան, որոնք բացասաբար են ազդում Մեղրիի տարածաշրջանի ներկայիս ագարակատեր-գյուղբիզնես կապերին՝

  • Մեղրիում դերակատարներն ունեն շուկայական տեղեկատվությանը սահմանափակ հասանելիություն;
  • հանրային ծառայությունները թերֆինանսավորված են, ինչի հետևանքով շուկայի, գների, միտումների, հիմնական դերակատարների վերաբերյալ տեղեկատվություն չի հրապարակվում;
  • կոմերցիոն շուկայի վերաբերյալ հետազոտական աշխատանքները հազվադեպ են և թանկ;
  • ագարակատերերի միջև կազմակերպվածությունը թույլ է, գործարքային գները թանկ են, իսկ արտադրող-գնորդ փոխվստահությունը՝ նվազ;
  • ագարակատերերի և սուպերմարկետների (մեծածավալ առևտրով զբաղվողների) միջև բանակցությունները հիմնված չեն երկարատև առևտրային և որակյալ լոգիստիկ կառավարման վրա:

Խոչընդոտների թվին են պատկանում նաև Կառավարության համապատասխան միջամտությունների, գյուղապահովագրության, ֆինանսական շուկայի հասանելիության (բանկեր, ունիվերսալ վարկային կազմակերպություններ, կառավարական դրամաշնորհներ) բացակայությունը: Այս B2B հանդիպումը նպատակ ուներ լուծումներ գտնել վերը նշված հարցերից գոնե մի քանիսի համար: Չնայած Մեղրիի մրգերը մեծ պահանջարկ ունեն տեղական շուկայում՝ ընդհանուր առմամբ աճում է Հայաստանի այլ մարզերի, ինչպես նաև այլ երկրների (Վրաստան, Իրան, Թուրքիա և այլն) մրցակցային ճնշումը: Շատ բարձրարժեք շուկաներ շարունակում են մնալ չուսումնասիրված կամ դեռ չնչին ազդեցություն են ունեն Մեղրիի վրա, որը հիմնականում պայմանավորված է`

  • պոտենցիալ շուկաների հեռու գտնվելու հանգամանքով, որը հանգեցնում է մի շարք հետբերքահավաքային կորուստների;
  • ագարակներում և դրանց սահամաններից դուրս սառնարանային պահոցների բացակայությամբ, այն պարագայում, երբ դրանց առկայությունը թույլ կտար գյուղացիներին պահեստավորել բերքը, նվազեցնել կորուստները և բանակցել բարձր գների շուրջ. գյուղացիները երբեմն ստիպված են լինում վայրկյան առաջ վաճառել բերքը` փչանալուց խույս տալու նպատակով;
  • հետբերքահավաքային համպատասխան գործընթացի բացակայությամբ, որն իր մեջ ներառում է սառնարանային պահեստավորում, տեսակավորում, փաթեթավորում, պիտակավորում, սառնարանային փոխադրամիջոցներ և այլն: Սրանց բացակայությունը հանգեցնում է հսկայական հետբերքահավաքային կորուստների, ինչպես նաև շուկայի ներուժի մասին բացարձակ ապատեղեկատվության;
  • տեղական մակարդակում վերամշակման հնարավորությունների բնագավառում սակավ ներդրումներով, ինչպես նաև նոր բիզնես հնարավորությունների բացակայությամբ, որը թերևս պայմանավորված է այնպիսի գործոնների բացակայությամբ, ինչպիսիք են գիտելիքը, տեղեկատվությունը, կապիտալը, տեխնոլոգիաները, ներդրումները և այլն;
  • ագարակատերերի և վերամշակողների/վաճառողների միջև պայմանագրային հարաբերությունների, ինչպես նաև այս ոլորտում նորարարական բիզնես մոդելների բացակայությամբ;
  • ագարակատերերի շրջանում համակարգման և բանակցային հմտությունների բացակայությամբ, շուկայի այլ դերակատարների նկատմամբ վստահության բացակայություն, ինչն իր բացասական ազդեցությունն է թողնում գործարար կապերի զարգացման հարցում;
    • շուկայի ներուժի և պահանջների մասին անհրաժեշտ տեղեկատվության սղությամբ. ագարակատերերի, վաճառողների, վերամշակողների, մանրավաճառների/արտահանողների միջև տեղեկատվության հոսքը արդյունավետ չէ:

Գործարարների այս հանդիպման հիմնանպատակն էր վերոնշյալ խնդիրներից գոնե մի մասի համար լուծումներ գտնել: Միջոցառումն այս առումով հետապնդում էր հետևյալ նպատակները`

  • Մեղրիի մրգարտադրության ոլորտում շահեկիցների միջև փոխըմբռնման հարթակի ստեղծում;
  • պահանջված մրգերի ծավալների և թարմ կամ վերամշակված մրգերի որակական պահանջների վերաբերյալ համըմբռնում;
  • ներգրավված շահեկիցների գործառույթների և հնարավոր բիզնես աջակցման հստակ սահմանում;
  • հետագա համագործակցության վերաբերյալ նախնական համաձայնություն:

Միջոցառման ընթացքում մասնակիցները բաժանվեցին երեք խմբերի`

  1. «Չիր»;
  2. «Թարմ միրգ»;
  3. «Վերամշակողներ»:

Աշխատանքային խմբերի բաժանումը կատարվեց ըստ մասնակիցների ծավալած գործունեության և հետաքրքրությունների շրջանակի: Յուրաքանչյուր խմբում արդյունավետ քննարկումներ ծավալվեցին տվյալ ոլորտում ծառացած խնդիրների և դրանց լուծման հնարավոր եղանակների մասին:

Հետևյալն առաջադրվեց և’ ագարակատերերի, և’ առևտրով կամ վերամշակմամբ զբաղվող ընկերությունների կողմից`

  • ծրագրի շրջանակներում ագարակատերերի վերապատրաստման ծրագրերի իրականացում` կառավարման բարելավում, շուկայական և ընդհանուր ձեռներեցության հետ կապված հմտությունների զարգացում, վաճառանյութի բազմազանեցման հետ կապված ուղորդում;
  • հումքի մատակարարման գործարքների գների նվազեցում՝ ագարակատերերից ուղիղ համագործակցային եղանակով գնումների, պայմանագրային սակարկումների և այլն միջոցներով;
  • շուկայի վերաբերյալ ագարակատերերի և վերամշակողների համար նախատեսված տեղեկատվության ապահովման միջոցով բարձրորակ ապրանքների հասանելիություն, ինչպես նաև կառավարման բարելավում:

Միջոցառման ավարտին մի շարք գործարար կապեր հաստատվեցին ագարակատերերի և վերամշակող և առևտրով զբաղվող ընկերությունների միջև այն տեսլականով, որ այդ կապերը հետագայում կվերածվեն ավելի գործնական պայմանագրային հարաբերությունների: