0

«Սյունիքի ներդրումային ֆորում». ներդրումների խթանումը Սյունիքի մարզում

Սյունիքի մարզն իր պատմությամբ հայտնի է որպես Հայաստանի ամենազարգացած արդյունաբերական տարածաշրջաններից մեկը: Տասնիններորդ դարից ի վեր Սյունյաց աշխարհն իր պղնձով և մոլիբդենով հարուստ հանքային ռեսուրսներով գայթակղիչ է եղել արտասահմանյան մի շարք ներդրողների` հիմնականում ֆրանսիական ընկերությունների համար: Կապանի, Քաջարանի և հարակից տարածքների հին հանքերը ցայսօր տիրապետում են որոշակի ենթակառուցվածքների, ավանդական և մասնագիտական որոշակի ժառանգության, որոնք սերել են դեռ հին օրերից: Չնայած հանքարդյունաբերությունը զարգացած է Կապանում և Մեղրիում ավելի, քան օրինակ Գորիսում կամ Սիսիանում` այն, ամեն դեպքում, հիմնարար արդյունաբերական ճյուղ էր համարվում Զանգեզուրի տարածաշրջանում: Հանքարդյունաբերությունն այսօր էլ կազմում է մարզի տնտեսության 85 %-ը: Այս առումով և կառավարությունը, և տեղական իշխանությունը, և տեղական և միջազգային կազմակերպությունները հատուկ քայլեր պետք է ձեռնարկեն մարզի տնտեսական կառուցվածքի բազմազանեցման հարցում: Մարզի տնտեսական բազմազանեցման արդյունավետ մոտեցումներից մեկը կարելի է համարել տեղի փոքր և միջին ձեռներեցության խթանումը, որը Սյունիքի պարագայում կհանգեցնի այլ ոլորտների զարգացմանը՝ մասնավորապես սննդի մշակման, ծառայությունների, արհեստների և այլ ոլորտներում: Այնուամենայնիվ, սա բավականին բարդ գործընթաց է և պետք է համակարգվի և իրագործվի ոչ միայն կենտրոնական և տեղական կառավարման մարմինների ջանքերի միջոցով, այլ նաև միջազգային հանրության և հասարակական կազմակերպությունների աջակցությամբ:

Համաշխարհային ներդրումների փորձը գալիս է ցույց տալու անդրազգային ընկերությունների կողմից ներդրումների ֆինանսավորման առաջնայնությունը, որն ուղի է հարթում այլ ներդրողների համար ևս: Բազմազանեցված ձեռներեցության ոլորտում ներդրումների գովածանումը հնարավոր կդարձնի մի շարք ձեռքբերումներ, ինչպիսիք են օրինակ աշխատատեղերի ստեղծումը, ենթակառուցվածքների զարգացումը, աշխատուժի կարողությունների բարձրացումը, ինչպես նաև ընդհանուր բիզնես միջավայրի բարելավումը: Հաշվի առնելով վերոնշյալը՝ Սյունիքի մարզպետարանը և «Ալֆա Փլաս Քնսալթինգը» «Եվրոպայում անվտանգության և համագործակցության կոմիտեի» (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի ֆինանսավորմամբ մշակել են Սյունիքի մարզի տնտեսության բազմազանեցման նախագիծը: Գործընկերները մանրամասն ուսումնասիրել, վերլուծել և վերհանել են մարզի զարգացման հեռանկարները, ընդգրկուն քննարկումների միջոցով հանգել ընդհանուր եզրակացությունների, որոնք զարգացվել են Սյունիքի ներդրումային ուղեցույցում[1]: Այս ուղեցույցը մշակվել է նախևառաջ մարզպետարանին աջակցություն ցուցաբերելու համար՝ տեղական ամուր տնտեսություն կառուցելու անհրաժեշտ առաջնայնությունները վերհանելու հարցում: Այդ առաջնայնությունները հիմնականում կապված են երեք գլխավոր ուղղությունների հետ, դրանք են՝ գյուղատնտեսություն/այգեգործություն, անասնապահություն և տուրիզմ: Ուղեցույցը գործնական տեղեկատվություն է տրամադրում ներդրողներին առ այն, թե ինչպես կարելի է ուղղորդել ներդրումային ծրագրի առանցքային դետերմինանտները տարածաշրջանային զարգացման պլաններում և նախաձեռնություններում: Ավելին, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, Սյունիքի մարզպետարանը «Շուկաներ Մեղրիի համար « (M4M) ծրագրի և «Ուորլդ Վիժն Արմենիա» կազմակերպության հետ համատեղ սույն թվականի նոյեմբեր 11-13 կազմակերպեց Սյունիքի ներդրումային ֆորումը, որը տեղի ունեցավ Սյունիքի մարզկենտրոն Կապանում: Ծրագրի հիմնական նպատակն էր աջակցություն ցուցաբերել Սյունիքի մարզպետարանին մարզի տնտեսության ոչ հանքարդյունաբերական ոլորտներում ներդրումների խթանման գործում:

Ֆորումին մասնակցեցին 170 հոգի, որոնք ներկայացնում էին դոնոր կազմակերպություններ, դոնորային ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրեր, ՀՀ Տարածքային կառավարման նախարարությունը, ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը, Մեղրիի տարածաշրջանի բոլոր համայնքները, գյուղատնտեսության մասնավոր սեկտորը, զբոսաշրջության և վերականգնվող էներգիայի սեկտորները, ինչպես նաև դեսպանատներ և Հայաստանում այլ դիվանագիտական առաքելություն իրականացնող մարմիններ: Միջոցառման հանդիսավոր բացումն արվեց Տարածքային կառավարման նախարարի, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի և Սյունիքի մարզպետի կողմից:

– ԵԱՀԿ-ն խիստ հետաքրքված է օգնության ձեռք մեկնելու Հայաստանի կառավարությանը Սյունիքի մարզի տնտեսական զարգացման հեռանկարների բազմազանեցման և տնտեսական անվտանգության ռիսկերի նվազեցման գործում: Այս ֆորումի, տնտեսական բազմազանեցման նախագծի և գործընկեր կազմակերպությունների աջակցության շնորհիվ հնարավոր կլինի լուծել այս խնդիրը, – ասաց ԵԱՀԿ դեսպան Անդրեյ Սորոկինը բացման արարողության ժամանակ:

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հավելեց.

– Սյունիքի մարզն ունի գյուղատնտեսության, զբոսաշրջության և սննդի վերամշակման ոլորտում թերգործարկված ռեսուրսներ, որոնք կարող էին հեշտությամբ աշխատատեղեր ստեղծել, բարձրացնել եկամուտը՝ դրանով իսկ բարձրացնելով պետբյուջե վճարվող հարկերը: Չնայած այն հանգամանքին, որ Սյունիքի մարզը հիմնականում առանձնանում է հանքարդյունաբերությամբ՝ այդուհանդերձ, մենք կարևորում ենք տարածքային տնտեսության հավասարակշռումն իրականացնել մարզի այլ հնարավորությունների հաշվին:

Միացյալ Թագավորությունից ժամանած ԵԱՀԿ փորձագետ Ֆելիքս Քումո-Էմփոֆոն բացման արարողության ժամանակ ներկայացրեց զարգացման մոդելավորումը՝ որպես ներդրումների խթանման գործիք, որը թերևս ենթակա է հետագա մշակման և տարածքային առանձնահատկություններին համապատասխանեցման:

Ըստ Սյունիքի մարզպետարանի ներկայացուցչի՝ Զարգմացման հիմնադրամ կստեղծվի տեղական իշխանությունների կողմից՝ ի հետևանք տարածքային տնտեսության զարգացման հեռանկարների բազմազանեցման քաղաքականության: Այս հիմնադրամի շրջանակներում գոյություն կունենա ֆինանսական բազա, որը աջակցություն կցուցաբերի Սյունիքի մարզում տնտեսության բազմազանեցման համատեքստում գործող բիզնեսներին: Միջոցառման ժամանակ անցկացվեցին չորս կլոր սեղան քննարկումներ՝ «Պտղագործություն և սննդի վերամշակում», «Անասնաբուծություն և վերամշակում», «Զբոսաշրջություն և հյուրընկալություն» թեմաներով, ինչպես նաև հատուկ կազմակերպված կլոր սեղան քննարկում դիվանագետների մասնակցությամբ: Այս միջոցառումների ժամանակ անցկացվեցին մի շարք թեմատիկ ներկայացումներ, քննարկումներ, հարցուպատասխան: Պաշտոնական հանդիպումներից զատ այցելություններ եղան նաև արտադրամասեր, շրջակա միջավայրի հետ կապված ծրագրեր և տեսարժան վայրեր, որպեսզի մասնակիցները տարածաշրջանի հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվություն ստանան առաջին աղբյուրներից:

«Գյուղատնտեսական ապրանքների արտադրություն և վերամշակում» աշխատաժողովը անցկացվեց M4M ծրագրի շրջանակներում, որի ընթացքում քննարկվեցին հետևյալ թեմաները՝

  • «Բարձրորակ պտղաբուծության հեռանկարները Մեղրիում», Եվգենի Րյազանով, Հելվետաս;
  • «Մրգի վերամշակման հեռանկարները», Արթուր Հովհաննիսյան, Ալֆա Փլաս Քնսալթինգ;
  • «Չրարտադրության հնարավորությունները Մեղրիում», Նառա Ասլանյան, Շուկաներ Մեղրիի համար;
  • «Ջերմոցային նոր տեխնոլոգիաները պտղաբուծության և ծաղիկների մշակման համար», Գագիկ Սարդարյան, Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD);
  • «Արդյունավետ ոռոգումը՝ որպես բարձրորակ պտղաբուծության կարևոր նախապայման», Գուրգեն Եղիազարյան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան (ՀԱԱՀ);
  • «Խոտաբույսային թեյերի հավաքումը, մշակումն ու արտադրությունը», Արաքսյա Գրիգորյան, Ալֆա Փլաս Քնսալթինգ:[2]

Այն բոլոր առաջարկությունները, որոնք արվեցին քննարկումների և մասնավորապես հարցուպատասխանի ժամանակ, պետք է հաշվի առնվեն տարածքի տնտեսական զարգացման հարցում որոշումներ կայացնելիս: Առաջարկությունները հիմնականում վերաբերում էին հետևյալին՝

  • Մեղրիի տարածաշրջանը մեծ հեռանկարներ ունի վաղահաս մրգերի արտադրության տեսանկյունից (հաշվի առնելով մասնավորապես եղանակային պայմանները և մոտավորապես 450 հեկտար անմշակ հողատարածքի առկայությունը): Վաղահաս մրգերը բարձր գին ունեն շուկայում և մեծ պահանջարկ են վայելում արտասահմանում;
  • տարածաշրջանն ունի նաև ալկոհոլային խմիչքների արտադրության մեծ հեռանկարներ;
  • Մեղրիի տարածաշրջանում նկատվում է ցածրօրակ նռան ավելցուկ;
  • Հայաստանում բարձրորակ մրգերի պահանջարկը գերազանցում է առաջարկը: Չրի մոտավորապես 50% ներմուծվում է:
  • տարածաշրջանի կանայք հիմնականում ներգրավված են մրգի վերամշակման աշխատանքներում, այդ իսկ պատճառով նոր վերամշակման կետերը նոր աշխատատեղեր կտրամադրեն տեղի կանանց;
  • Հայաստանի հարկային և մաքսային ծառայությունները բավականաչափ զարգացած չեն և արհեստականորեն բարդություններ են ստեղծում վերամշակման և արտահանման համար, ինչպիսիք են օրինակ տարբեր տեղեկանքների անհրաժեշտությունը, թանկարժեք լաբորատոր ուսումնասիրությունները և այլն;
  • նկատվում է ֆինանսական շուկաների և ցածր տոկոսադրույքով երկարաժամկետ վարկերի բացակայություն;
  • ջերմատնային տնտեսութունների ներդրումը տարածաշրջանում կնվազեցնի ներկրումը;
  • աշխարհում խոտաբույսային թեյերի աճող պահանջարկ է նկատվում, իսկ տարածաշրջանն այս առումով մեծ հեռանկարներ ունի;
  • համաշխարհային կլիմայական փոփոխությունները, ինչպես նաև տարածաշրջանի էկոլոգիական իրավիճակը մարտահրավերներ են նետում գյուղատնտեսության ոլորտում դերակատարների համար` դրանով իսկ պարտադրելով վերջիններիս պատրաստ լինել օդի բարձր ջերմաստիճանին, ջրի սակավությանը, ուժեղ քամիներին և այլն: Տեղական ինքնակառավարման մարմինները պետք է լուրջ քայլեր ձեռնարկեն էկոլոգիական խնդիրների լուծման համար:

Նիստի ընթացքում ընդհանուր որոշումներ և առաջարկություններ արվեցին վերոնշյալ խնդիրները լուծելու համար: Նախևառաջ, առաջարկվեց ստեղծել տվյալների բազա, որը կներառի տեղեկատվություն նաև չօգտագործված տարածքների վերաբերյալ: Այս տեղեկատվությունը պետք է հասանելի լինի և ագարակատերերի, և տեղական իշխանությունների համար: Ինչ վերաբերում է մրգի արտադրությանը, ըստ Նառա Ասլանյանի, ով «Շուկաներ Մեղրիի համար» ծրագրի արժեշղթաների գծով փորձագետն է, M4M ծրագրի շրջանակներում արդեն իսկ մի շարք լուրջ քայլեր են ձեռնարկվել դրանց զարգացման ուղղությամբ: Ցայսօր ծրագրի համատեքստում տարածաշրջանի մի շարք ագարակատերերի համար բազմիցս իրակացվել են դաընթացներ` ներառյալ արտադրության, բիզնես կառավարման և շուկայագիտական խորհրդատվություն: Որոշակի գործիքների և հմտությունների տրամադրումը, տնտեսական հնարավորություններին հասանելիության ապահովումը, ինչպես նաև դրանց ընթացքի մշտադիտարկումը և գնահատումը օգնում է ագարակատերերին հստակեցնել բիզնես նպատակները, հասնել այդ նպատակներին և ապահովել կայուն զարգացում: Ծրագրի շնորհիվ փոքր քանակությամբ և բնական եղանակով չիր է պատրաստվել, փաթեթավորվել, պիտակավորվել և արտահանվել Շվեյցարիա և Ռուսաստանի Դաշնություն, ընդ որում այդ չրերը պատրաստվել են ծրագրի շրջանակներում ստեղծված կանանց մի խմբի կողմից: Ավելին, ծրագիրը աջակցություն է ցուցաբերել փոքրածավալ արտահանման բոլոր գործընթացներին: Հիմնվելով նշված դրական արդյունքների վրա՝ Սյունիքի մարզի ձեռներեցների միության նախագահ պրն. Արարատ Վարդանյանը քննարկման ժամանակ նշեց, որ բացի Մեղրիի արդեն իսկ հայտնի կուլտուրաներից, մարզի այլ հատվածներում` մասնավորապես Կապանում, Գորիսում և Սիսիանում, աճում են բարձորակ մրգեր, ինչպիսին օրինակ խնձորն է, տանձը, որոնք ևս կարող են չրարտադրության համար շատ արդյունավետ լինել: Դրանից ելնելով նա առաջարկեց թիմին ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումները հնարավորության դեպքում տարածել նաև մարզի այլ հատվածների վրա:

M4M-ը մի շարք քայլեր է ձեռնարկել նաև Մեղրիի տարածաշրջանի ֆինանսական շուկայի զարգացման ուղղությամբ: Մի քանի ֆինանսական հաստատությունների և հիմնդրամների տեխնիկական և գործնական աջակցություն է ցուցաբերվել Մեղրիի տարածաշրջան համապատասխան գործարքների ներմուծման հարցում:

«Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի» ներկայացուցիչ Սուրեն Շատվորյանը քննարկումներից մեկի ժամանակ նշեց.

– Մենք պատրաստակամ ենք օժանդակել էներգիայի արդյունավետության բարձրացմանը և շրջակա միջավայրի պաշտպանության բարելավմանը անհրաժեշտ ներդրումների և տարածաշրջանում դրանց տեխնիկական հմտությունների զարգացման տեսքով, և եթե լինեն առաջարկություններ, ապա հնարավոր է իրականացնել համատեղ ծրագրեր:

Ջերմատների կառուցման անհրաժեշտության վերաբերյալ քննարկման ժամանակ CARD հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը տնտեսական աճի ապահովման տեսանկյունից կարևորեց նոր տեխնոլոգիաների ներդրումը` հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը, որը կօգնի նվազեցնել մեկ միավորի ծախսը, կբարձրացնի որակը` ի հեճուկս մեծածավալության ապահովմանը:

Արդյունավետ ոռոգման վերաբերյալ ներկայացման ժամանակ ՀԱԱՀ պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանը առաջարկեց կաթիլային ոռոգման սարքավորումների, եղանակի, հողի և ջրի քանակության չափիչ էլեկտրական սարքավորումների տարածաշրջանում պահանջարկի վերլուծություններ կատարել և լուծումներ տրամադրել ագարակատերերին:

Ըստ փոքր և միջին մասշտաբի գործարարների՝ պետք է վերանայվեն Հայաստանի Հանրապետության ընդհանուր հարկային, ֆինանսական և մաքսային ծառայությունները ` առավել հարմար պայմաններ ստեղծելու նպատակով (օրինակ` հարկային արտոնություններ, սակավ բյուրոկրատիա, ցածր տոկոսադրույքով վարկեր և այլն): Այս ամենը նաև զարկ կտա տարածաշրջանում տեղական և միջազգային կազմակերպությունների ներդրումներին:

Քննարկումների ընթացքում բնապահպանության և շրջակա միջավայրի խնդիրները ձևակերպվեցին որպես կարևորագույն խնդիրներ տարածաշրջանի համար: Հանքարդյունաբերության էկոլոգիական ազդեցությունը տարածաշրջանում հետևյալն է.

  • ջրի աղիություն և սակավություն, որը շահագործման ընթացքում քաղցրահամ ջրի մեծ քանակության վատնման հետևանքն է;
  • ծանր մետաղների արտանետում և էկոհամակարգի աղտոտում;
  • հազարավոր տոննա հանքաքարի տեղաբաշխումը գետերում առաջացնում է նստվածք և ենթարկում ջուրը էռոզիայի;
  • բարձր թունավոր ցիանիդի ներխուժումը գրունտային և մակերևութային ջրեր և ընդհանուր էկոհամակարգ:

Տարածաշրջանի էկոլոգիական իրավիճակի կարևորությունը թերագնահատված է: Ըստ «Մեղրիի շրջանի այգեգործության զարգացման» ՀԿ-ի նախագահ Ալեքսանդր Հովհաննիսյանի.

– Շատ ծառատեսակներ ուղղակի չեն կարող դիմակայել ոռոգման ջրի աղտոտվածությանը:

Չնայած ջրի աղտոտումը դեռ շարունակում է մնալ բավականին նուրբ խնդիր` ջրի մշտադիտարկման հետազոտություններից մեկը հատուկ շեշտադրություն է կատարում. «Աղտոտման մակարդակը թույլատրելի սահմաններում է: Ի համեմատություն Դանուբի ջրերի աղտոտման տարեկան ցուցանիշների` աղտոտման մակարդակն այստեղ չի գերազանցում թույլատրելի սահմանները»:[3]

Ինչևէ, կլոր սեղան քննարկումների բոլոր մասնակիցները շեշտեցին, որ կառավարության դերը տարածաշրջանի էկոլոգիական խնդիրների լուծման հարցում չափազանց կարևոր է և հրամայական, որի համար լուրջ միջոցներ պետք է ձեռնարկվեն:

Քննարկումների ավարտին մասնակիցները կարևորեցին նմանատիպ միջոցառումների կազմակերպման ավանդույթի անհրաժեշտությունը, որի հետևանքով կբարելավվի տարածաշրջանի ընդհանուր հանրայնացումը և հստակ քայլերի ձեռնարկումը, որն էլ իր հերթին զարկ կտա Սյունիքի մարզում կատարվող ներդրումների աճին: Այնուամենայնիվ, ըստ Սյունիքի մարզպետարանի ներկայացուցչի ելույթի, տեղական իշխանությունների կողմից «Զարգացման հիմնադրամ» կստեղծվի՝ որպես տնտեսության զարգացման բազմազանեցման հետևանք: Այս հիմնադրամը կունենա ֆինանսական բազա և օժանդակություն կցուցաբերի Սյունիքի մարզում բիզնես բազմազանեցման լույսի ներքո գործող նախագծերին: Հաջողությամբ պսակվելու պարագայում այս մոդելը կզարգացվի և կհամապատասխանեցվի Հայաստանի Հանրապետության այլ մարզերին ևս:

 


[1] Սույն աշխատանքը տեղադրված է https://drive.google.com/folderview?id=0B82ghN4ViuX0aV94cGlrOGhmWjQ&usp=sharing

[2]Որոշ ներկայացումները հասանելի են https://drive.google.com/folderview?id=0B82ghN4ViuX0aV94cGlrOGhmWjQ&usp=sharing

[3] http://www.epress.am/en/2013/02/06/issues-of-the-kura-araks-river-basin-now-and-then.html