Կայուն զարգացումն առաջնային խնդիր է բոլոր պետությունների համար, լինի դա զարգացած արդյունաբերական երկիր, թե զարգացող երկիր, որը պայքարում է իր առջև ծառացած մարտահրավերների դեմ: Վերջին մի քանի տասնամյակում, ընդհանուր առմամբ, պայքարը՝ համաշխարհային նշանակության այնպիսի հիմնախնդիրների դեմ ինչպիսիք են ջրամատակարարումը, սանիտարական պայմանների ապահովումը և աղքատությունը, անհաջողության է մատնվել: Վերջերս պարզ է դարձել, որ բավարար չէ միայն խնդրի լուծմանն ուղղված մոտեցումներ և ընթացակարգեր ընդունելը, և, որ աղքատության նվազեցման հարցի լուծման գործընթացը կարող է հաջողությամբ պսակվել միայն այն դեպքում, երբ աջակցության կարիք ունեցող մարդիկ ուղղակիորեն և լիարժեք կերպով ներգրավվեն առկա շուկայական համակարգում, որտեղ համապատասխան մոտեցումներն ու մեխանիզմները կօժանդակեն գործառնական փոփոխությունները վերափոխելու համակարգային փոփոխությունների:
«Շուկաներ Մեղրիի համար» ծրագիրը կիրառում է «շուկաներ աղքատների համար» մոտեցումը, որն ուղղված է աղքատության նվազեցմանը: Առանցքային գաղափարն այն է, որ աղքատների ապրուստը կախված է շուկայական համակարգից, և, եթե այդ շուկայական համակարգերը փոփոխվեն և դառնան ավելի կայուն ու արդյունավետ, կբարելավվի նաև աղքատների ապրուստը, և հետևաբար կկրճատվի աղքատության մակարդակը: Ավելի հասանելի և մրցունակ շուկաներն աղքատներին հնարավորություն են տալիս չքավորությունից դուրս գալու ելք գտնել՝ առաջարկելով ավելի իրատեսական ընտրություն և հնարավորություններ: Գյուղական տարածքներում բնակվող մարդիկ, մասնավորապես զարգացող երկրներում, երկար ժամանակ հնարավորություն չեն ունեցել մասնակցելու տնտեսական աճի գործընթացին և օգտվելու դրա ընձեռած հնարավորություններից:
«Շուկաներ Մեղրիի համար» ծրագրի թիրախային տարածաշրջանը Մեղրին է, որը գտնվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանից մոտ 400 կմ հեռավորության վրա: Նրանց միջև գտնվող չորս լեռնային անցումներով ճանապահը տարածաշրջանն ավելի է հեռացնում հիմնական տնտեսական կենտրոններից և շուկաներից: Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ այս տարածաշրջանը Հայաստանում արտադրվող թարմ և վերամշակվող մերձարևադարձային մրգերի զգալի մասի մատակարարման ներուժ ունի: Այդ ներուժը կարող է դրսևորվել հատկապես չրերի արտադրության ոլորտում: Հայաստանում չրերի արտադրությունը բազմադարյա ավանդույթ է, այդ պատճառով երկրի ողջ տարածքում մոտ 5500 չիր արտադրող կա, որոնց մեծ մասը ոչ թե ձեռնարկություններ, այլ տնային տնտեսություններ են չորացման՝ իրենց նախնիներից ժառանգած ավանդույթով[1]: Հետևաբար նրանք ավելի հաճախ կիրառում են ոչ թե խմբային, այլ անհատական մոտեցում: Ներկայումս չրերի շուկայում պահանջարկը բավականին մեծ է, սակայն դեռևս արտադրողներից ոչ ոք, հատկապես Մեղրիի տարածաշրջանում, չի կարող մշտապես մատակարարել պահանջվող ծավալների արտադրանք: Քանի որ Մեղրիի տարածաշրջանում արտադրված մրգերն ունեն բարձր որակական հատկանիշներ, որոնք նախ և առաջ պայմանավորված են այդ տարածաշրջանի աշխարհագրական դիրքով, բնակլիմայական պայմաններով, տարեկան արևային օրերի մեծ քանակով և այլ կարևոր գործոններով, չրերի արտադրությունը կարող է դառնալ տարածաշրջանի տնտեսական զարգացման ամենակարևոր ոլորտը: Չրերի արտադրությունն ունի նաև մի շարք մրցակցային առավելություններ՝[2]
արժեքի ավելացումը. չվերամշակված մրգերի տնտեսական արժեքը հաճախ ցածր է, հատկապես բերքահավաքի ժամանակ: Մրգերը չորացնելու և վերամշակելու շնորհիվ արտադրողները կարող են բարձրացնել դրանց արժեքը, վաճառել ավելի բարձր գներով և մեծացնել իրենց շահույթը;
ցածր քաշը. թարմ մրգերի հետ համեմատ չրերի քաշը և ծավալը 2-5 անգամ ավելի փոքր է;
հմտությունները, որոնք մարդիկ ողջ կյանքի ընթացքում կարող են կիրառել և փոխանցել միմյանց. մրգեր չորացնելը պարզ, ունիվերսալ և ոչ թանկ գործընթաց է;
պահպանման երկար ժամկետը. ճիշտ պայմաններում պահեստավորելու դեպքում չրերը կարելի է տարիներով պահել, իսկ դա նշանակում է, որ արտադրողները կարող են վաճառել այլ սեզոնների ընթացքում:
Հաշվի առնելով այս գործոնները, ինչպես նաև այն փաստը, որ Մեղրին հեռավոր տարածաշրջան է, «Շուկաներ Մեղրիի համար» ծրագիրն իր գործունեության մեկնարկից նպատակ դրեց խթանել չրերի արտադրությունը տարածաշրջանում: Հիմնական գաղափարը կայուն տնտեսական աճի ապահովումն է՝ խթանելով արտադրական ներուժի լիարժեք օգտագործումը, ինչի հետևանքով և կթեթևանա աղքատության բեռը: Այս ռազմավարությունը պետք է նպաստի ոլորտի զարգացմանը՝ խրախուսելով ձեռնարկատիրական նախաձեռնությունները, աջակցելով հմտությունների զարգազման հնարավորությունների հասանելիությանը և համապատասխան արժեշղթայի կառավարման համակարգի ստեղծման միջոցով ավելի հասանելի դարձնելով բարձրարժեք շուկաները:
Արդեն ապրիլ ամսին «Շուկաներ Մեղրիի համար» ծրագրի թիմը «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի» և «ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության» «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի» հետ համատեղ հյուրընկալեց պարոն Ռուջերո Մալոսիին (չրերի փորձագետ, մթերքի արտադրության, վերամշակման և փաթեթավորման բնագավառում ունի ավելի քան 25 տարվա փորձ), ով «Շուկաներ Մեղրիի համար» ծրագրի թիմի և Մեղրիի երկու առաջատար ֆերմերների՝ Իշխան Ասլանյանի և Սիրանուշ Քարյանի համար Երևանում անցկացրեց վերապատրաստման դասընթաց: Դասընթացի հիմնական թեմաներն էին «Վտանգների աղբյուրների վերլուծությունը և կրիտիկական կետերի հսկումը (ՎԱՎԿԿՀ, HACCP)», չորացման ժամանակակից տեխնոլոգիաները, մրգերի չորացման միջազգային չափանիշները, փաթեթավորումը և պիտակավորումը: Այդ դասընթացից հետո Մեղրիում սեմինար-քննարկում կազմակերպվեց տարածաշրջանի բոլոր շահագրգիռ չիր արտադրողների հետ: Օգոստոսին, արդեն իսկ վերապատրաստված ֆերմերներ Սիրանուշ Քառյանը և Իշխան Ասլանյանը ծրագրի աջակցությամբ չորս դասընթաց կազմակերպեցին Մեղրիի տարածաշրջանի տարբեր համայնքներում 35 ֆերմերների համար:
Դասընթացներից անմիջապես հետո, փորձի փոխանակման նպատակով, Մեղրիի տարածաշրջանի յոթ ֆերմեր ծրագրի աջակցությամբ այցելեցին Հայաստանում չրերի արտադրության ամենահայտնի համայնք՝ Երվանդաշատ: Այս միջոցառման հիմնական նպատակն էր խթանել վերոնշյալ երկու տարածաշրջանների չրերի արտադրությամբ զբաղվող ֆերմերների միջև կապը, տեղեկատվության և գիտելիքների փոխանակումը, հետագա համագործակցությունը և համատեղ ձեռնարկատիրական միջավայրի ստեղծումը: «Մենք պատրաստ ենք համագործակցել Մեղրիի մեր գործընկերների հետ և կիսել մեր 15 տարվա փորձը: Մեղրիի տարածաշրջանը հրաշալի համային հատկանիշներ ունեցող բարձրորակ չրեր մատակարարելու մեծ ներուժ ունի: Ավելին, այդ տարածաշրջանի թզի և արքայանարնջի շնորհիվ մենք կարող ենք ավելացնել մեր ապրանքատեսականին: Մեղրիի ֆերմերները կարող են զբաղվել չրերի արտադրությամբ, իսկ մենք՝ դրանց փաթեթավորմամբ և արտահանմամբ»-միջոցառման ժամանակ նշեց «Երվանդաշատ գյուղատնտեսական ասոցիացիա» ՍԿ-ի նախագահ Արկադի Խաչիկյանը: Վերապատրաստված ֆերմեր Սիրանուշ Քառյանն էլ իր հերթին նշեց. «Ես շատ երախտապարտ եմ ծրագրին, որ մեզ հնարավորություն ընձեռեց ծանոթանալու չրարտադրության ողջ գործընթացին: Բարձրորակ չիր արտադրելու համար նախ և առաջ անհրաժեշտ է ընտրել համապատասխան սորտեր, իրականացնել ճիշտ մշակություն, բերքը ժամանակին հավաքել, տեսակավորել, ճիշտ պահեստավորել, հավուր պատշաճի կազմակերպել մատակարարումը և այլն: Յուրաքանչյուր մանրուք մեծ կարևորություն ունի: Մենք շատ բան սովորեցինք Երվանդաշատում, քանի որ մեզ այնտեղ մանրամասն ցույց տվեցին բոլոր այդ գործընթացները»:
Մեղրիում Սիրանուշը զբաղվում է տնային պայմաններում չրերի պատրաստմամբ: Այստեղ բազմաթիվ կանայք հիմնականում զբաղվում են տնային պայմաններում մթերքի արտադրությամբ, որը երբեմն նրանց եկամտի միակ աղբյուրն է: Կանայք Մեղրիում և ընդհանրապես Հայաստանում բազում դերեր են ստանձնել, օրինակ, ընտանիքը կերակրողի, ընտանիքի չվարձատրվող աշխատողի, համայնքային ծառայություններ մատուցողի և մոր/ընտանիքի մասին հոգ տանողի դեր: Կրթության, աշխատանքի հնարավորությունների, որոշումներ կայացնելու հարցերում առկա գենդերային անհամաչափությունների պատճառով տարածաշրջանում կանանց շրջանում աղքատության մակարդակն ավելի բարձր է, քան տղամարդկանց շրջանում: Ըստ «Շեն» կազմակերպության կողմից 2010թ. իրականացված ուսումնասիրության արդյունքների՝ կանանց միայն 39%-ն ունի վարձատրվող աշխատանք, մինչդեռ տղամարդկանց մոտ այդ թիվը 63% է[3]: Բիզնեսի հնարավորությունները չեն ստեղծվում արտաքին միջամտությունների արդյունքում, դրանք ձևավորվում են շուկայական համակարգից և ձեռնարկատիրական կարողություններից ելնելով: Այսպիսով, «Շուկաներ Մեղրիի համար» ծրագրի խնդիրն է հնարավորություն ընձեռել գյուղերում բնակվող ձեռներեցներին, հատկապես կանանց, օգտվելու շուկայի ընձեռած հնարավորություններից: Այս գործընթացը հետագայում կնպաստի վերոնշյալ ձեռներեցների եկամտի ավելացմանը, աղքատության կրճատմանը և ժամանակի ընթացքում նրանց ուղղակի ներգրավվածությանը արժեշղթայում՝ եկամտի արդար վերաբաշխման և նոր, բարձրարժեք շուկաներ մուտք գործելու միջոցով: Ծրագրի կողմից արդեն իսկ կատարվել են առաջին քայլերը: Ծրագիրն իրականացրել է համապատասխան դասընթացներ և մի շարք ֆերմերներին ուղղորդել է արտադրության, բիզնեսի կառավարման և մարկետինգի հարցերում: Ֆերմերներին որոշակի հմտություններ և տնտեսական հնարավորություններ հասանելի դարձնելով, շարունակաբար գնահատելով նրանց առաջընթացը՝ ծրագիրը հիմք կստեղծի այդ ֆերմերների գործնական նպատակներն իրականացնելու և նրանց կայուն զարգացումը երաշխավորելու համար: Ի շնորհիվ «Շուկաներ Մեղրիի համար» ծրագրի՝ չրերի մի փոքր քանակ փաթեթավորվել, պիտակավորվել և արտահանվել է Շվեյցարիա և Ռուսաստանի Դաշնություն համտեսի համար: Ծրագիրը շարունակաբար աջակցելու է այս նախաձեռնությանը՝ գործառնական փոփոխությունները վերածելով համակարգային փոփոխությունների, ինչով և ապահովելու է տարածաշրջանում չրարտադրության կայուն զարգացումը:
[1] «Հայկական չորացված պտուղ-բանջարեղենի արժեշղթայի վերլուծություն», «Բի-Էս-Սի» Բիզնեսի աջակցման Կենտրոն ՍՊԸ, 2012 թ.
[2] «Հայկական չորացված պտուղ-բանջարեղենի արժեշղթայի վերլուծություն», «Բի-Էս-Սի» Բիզնեսի աջակցման Կենտրոն ՍՊԸ, 2012 թ.
[3] Կենսաապահովման գնահատում- հաշվետվություն», 2010թ., Մեղրիի տարածաշրջան, «Շեն» ՀԿ