0

Ագրոնոմիական Կրթության Կազմակերպում Մեղրիի Տարածաշրջանում

 

Սույն թվականի սեպտեմբերի 19-ին «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի» (ՀԱԱՀ) գիտական նիստերի դահլիճում «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի (ԱԳԶԿ) աջակցությամբ ՀԱԱՀ-ի և Մեղրի ու Ագարակ քաղաքների դպրոցների տնօրենների միջև հանդիսավոր կերպով կնքվեցին երկու պայմանագիր, որոնց շնորհիվ, այսուհետ, նշված դպրոցներում կհիմնադրվեն գյուղատնտեսական ուղղվածությամբ հատուկ դասարաններ: Այս աննախադեպ նախաձեռնության նպատակն է Մեղրիում որակյալ գյուղատնտեսական կրթություն ապահովելու միջոցով տարածաշրջանը դարձնել ագրարային ոլորտի աշխատաշուկայի ժամանակակից պահանջները բավարարող և դրանց դինամիկ փոփոխությունները հաշվի առնող կրթական կենտրոն: Այս հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ Սյունիքի մարզի փոխմարզպետ պարոն Վարդան Դավթյանը, ՀԱԱՀ ռեկտոր պարոն Արշալույս Թարվերդյանը, ԱԳԶԿ հիմնադրամի տնօրեն պարոն Գագիկ Սարդարյանը, սույն ծրագրի համակարգող պարոն Գագիկ Սանթրոսյանը, ՀԱԱՀ-ի դասախոսապրոֆեսորական կազմը և ԱԳԶԿ հիմնադրամի ներկայացուցիչներ:
Իր ողջույնի խոսքում ՀԱԱՀ ռեկտոր պարոն Թարվերդյանը նշեց, որ այս ծրագիրը ոչ միայն կրթական, գիտական և մասնագիտական նշանակություն ունի, այլ նաև՝ համապետական: Ծրագրի շնորհիվ ավագ դպրոցի աշակերտները հնարավորություն կունենան ուսումը (նաև անվճար հիմունքներով) շարունակել թե Երևանում, և թե ՀԱԱՀ-ի Շուշիի մասնաճյուղում՝ նախապայմանով, որ անպայման վերադառնալու են հայրենի օրրան և իրենց համապատասխան մասնագիտական գիտելիքներով ու ծառայություններով նպաստելու են տարածաշրջանի գյուղատնտեսության զարգացմանը:
Իր հերթին պարոն Դավթյանը նշեց, որ Սյունիքի մարզպետ պարոն Սուրիկ Խաչատրյանը շատ մեծ կարևորություն է տալիս այս նախաձեռնությանը՝ այն համարելով խիստ հայրենանվեր գործունեություն: Նա հավելեց նաև, որ սահմանամերձ այս տարածաշրջանում նմանօրինակ ծրագիրը ունի ազգային անվտանգության ռազմավարական նշանակություն:
Պարոն Սարդարյանը կարևորեց այն փաստը, որ, շնորհիվ այս ծրագրի, ոչ միայն գալիք սերունդը կստանա համապատասխան գիտելիքներ և ունակություններ, այլ դրանք նաև կփոխանցվեն ավագ սերնդին հենց այս ուսանողների միջոցով: Յուրահատուկ կապ կստեղծվի նաև ՀԱԱՀ-ի դասախոսների հետ, ովքեր հետագայում իրենց անձնական ներդրումը կունենան տարածաշրջանի զարգացման գործում:
Այս կրթական ծրագրի ուղղվածությունը ոչ միայն պտղաբուծությունն է լինելու, այլ նաև վերամշակման ոլորտը, ինչը պակաս կարևոր չէ տվյալ տարածաշրջանի համար: Քանի որ այստեղ առկա է նաև դասախոսական կազմի պակաս, ԱԳԶԿ հիմնադրամը ՀԱԱՀ-ի հետ համատեղ կիրականացնեն դասախոսների վերապատրաստման դասընթացներ, և արդեն իսկ վերապատրաստված դասախոսները համապատասխան դասաժամեր կունենան թե Մեղրիի, և թե Ագարակի դպրոցներում:
Արարողության ավարտին մասնակիցները պայմանավորվեցին առաջիկայում հանդիպել՝ ամփոփելու ծրագրի առաջին արդյունքները և ուղղորդելու հետագա անելիքները: