0

Թեյարտադրության հեռանկարները Մեղրիի տարածաշրջանում. 4-րդ B2B հանդիպում

Խոտաբույսերով թեյը լայն տարածում ունի Հայաստանում: Դարեր շարունակ հայերը զարգացրել են խոտաբույսերի հավաքման և թուրմերի պատրաստման չափազանց հաճելի ավանդույթը: Սյունիքի մարզը, որը գտնվում է ծովի մակերևույթից 1700 մետր բարձրության վրա, կանաչ բլուրների ու բարձր լեռների տարածաշրջան է` հարուստ տարատեսակ բույսերով:  Ավելին, այս կանաչ և ժայռոտ լեռների կլիմայական գործոններն են պայմանավորում տեղական թեյաբույսերի եզակի որակը: Մեղրին` որպես Սյունիքի մարզի մաս, նույնպես ունի խոտաբույսերով թեյերի արտադրության հնարավորություն: Մեղրին ճանաչված է նաև նռան արտադրության գործում, ինչը կարող է սկիզբ դնել տարածաշրջանում նռան թեյի արտադրությանը: Այս հայտնի «գերմիրգը» կարող է օգտագործվել բնական ձևով որպես հյութ, թեյ կամ նույնիսկ հավելում: Նուռն իր բոլոր օգտագործման  եղանակներով պարբերական  սպառման պարագայում նպաստում է առողջության ամրապնդմանը. այն հարուստ է հակաօքսիդիչ, օգտակար է սրտի աշխատանքի համար և ունի հակաբորբոքային հատկություններ:

Հաշվի առնելով վերոհիշյալը` «Շուկաներ Մեղրիի համար» (M4M) ծրագրի աշխատակիցները կազմակերպել են Ամերիկայի Միացյալ Նահանգներից թեյի փորձագետ պրն. Մանիկառաջահ Ջայակումարի այցը Մեղրի: Նա ունի տարատեսակ թեյերի աճեցման, արտադրության, խորհրդատվության և մարքեթինգի 38 տարվա փորձ: Նա նաև «Qtrade International Corporation» ընկերության գործադիր տնօրենն է: Այս կազմակերպությունը աշխարհում թեյերի տարբեր տեսակների ներմուծող, ինչպես նաև, Հյուսիսային Ամերիկայում օրգանական թեյի խոշորագույն ներկրողն է: Այսպիսով, պրն. Ջայակումարի այցը չափազանց արդյունավետ էր, քանի որ մի կողմից նա կարողացավ տրամադրել ճշգրիտ տեղեկատվություն թեյի արտադրության այլընտրանքային ուղղությունների և աշխարհում սպառման միտումների վերաբերյալ, իսկ մյուս կողմից նա` որպես թեյ ներմուծող խոշորագույն ընկերություններից մեկի գործադիր տնօրեն, Մեղրիի թեյի արտադրությամբ և արտահանմամբ հետաքրքրված ագարակատերերի հետ քննարկեց համագործակցության հնարավորությունները: Այս չորսօրյա միջոցառումը լի էր փորձերով, խորհրդատվությամբ, փորձի փոխանակմամբ և ուսումնասիրություններով: Մեղրիի ագարակատերերը, թեյի փորձագետը և M4M աշխատակազմը չորացնում էին նռան սերմերը և կեղևները փոքր էլեկտրական չորանոցներում` փորձելով հասկանալ, թե ինչքան ժամանակ և ջերմաստիճան է պահանջվում դրանց չորացման համար և այլն: Թեև սույն այցը հանգեց իր առանցքային նպատակին, բայց շատ խնդիրներ դեռ լուծումներ են պահանջում, քանի որ արտադրանքը նոր է Մեղրիի շրջանի համար:

Այս բացը լրացնելու համար 2014թ. դեկտեմբերի 9-12 M4M նախագծի աշխատակիցները կազմակերպեցին 4-րդ B2B միջոցառումը, որն այս անգամ հիմնականում նվիրված էր նռան և թեյաբույսերի արտադրության հեռանկարներին, ինչպես նաև չրերի արտադրությանը: Շուրջ երեսունհինգ մասնակից և թեյաբույսերի ու չրերի արտադրությամբ զբաղվող ընկերությունների սեփականատերեր ու ղեկավարներ ներկա գտնվեցին տարբեր բիզնես հանդիպումների: Միջոցառումը նպատակ էր հետապնդում զարգացնել գաղափարներ առ այն, թե ինչպես ներգրավել Մեղրիի ագարակատերերին թեյարտադրության մեջ ընդհանուր առմամբ և հետևել տարածաշրջանում չրերի արտադրության հետ կապված խնդիրներին:

Միջոցառման ընթացքում Մեղրիի ագարակատերերը հնարավորություն ունեցան ուղղակիորեն շփվել հիմնական թեյ և չիր արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ, ինչպիսիք են “Ararat Food Factory”-ն, “Armenian Tea”-ն, “Mega Ararat”-ը, “ABDA”-ն, “Bio Universal”-ը, “Lucheetea”-ն և “Jrashat”-ը: Նրանցից յուրաքանչյուրը կառուցողական քննարկումներ ունեցավ Մեղրիի ագարակատերերի հետ թեյի և չրերի արտադրության ոլորտում հետագա հնարավոր համագործակցության հիմնական հնարավորությունների, ինչպես նաև խոչընդոտների վերաբերյալ: Արտադրողները նաև անդրադարձան ագարակատերերի հետ աշխատանքում ծագող խնդիրներին: Հիմնական բացահայտված խոչընդոտը հատուկ տեսակի նուռ ու խոտաբույսերի արտադրության, դրանց հավաքման վերաբերյալ գործնական գիտելիքների բացակայությունն էր, ագարակատերերի պաշտոնական խմբի և հավաքագրման կենտրոնի բացակայությունը, ինչը հանգեցնում է շրջանից ոչ պատշաճ և ոչ ստանդարտ որակի մատակարարումներին: Ագարակատերերն իրենց հերթին մտահոգված էին մեծ քանակությունների պահանջարկի և որակական չափորոշիչների ապահովման հետ կապված հարցերով, որոնք պահանջում են հսկայական ներդրումներ և կազմակերպչական ջանքեր:

Ամփոփելով այս երկօրյա միջացառումը` հարկ է նշել, որ այն աննախադեպ էր, քանի որ հիմնական թեման թեյարտադրությունն էր, որը նոր երևույթ է Մեղրիի տարածաշրջանի համար: Միջոցառման ավարտին մասնակիցներն արդեն հասել էին որոշակի  արդյունքների: Շահեկիցները քննարկեցին խոտաբույսերով և նռան թեյերի շուկայում առկա իրավիճակը, մասնավորապես` որակական պահանջները, արտադրության ծավալները և նրանց ստանձնած դերերը և պատասխանատվությունները: Մասնակիցները նաև կարողացան նախաձեռնել  համատեղ աշխատանքային ծրագիր, որտեղ բոլոր կողմերին հնարավորություն տրվեց առաջարկել ավելի իրատեսական գործողություններ, որոնք, անշուշտ, պետք է հետագայում զարգացվեն M4M թիմի օժանդակությամբ: