0

Աղետադիմացկունությունը Հեռավոր Համայնքներում

Ընդհանուր առմամբ աղետների ռիսկի նվազեցումը (DRR) ուշադրության չարժանացնելը կարող է հանգեցնել տնտեսության և էկոհամակարգերի կտրուկ վատթարացմանը: Հաճախակի փոքր կամ միջին ազդեցությամբ աղետները, ինչպես նաև մեկանգամյա ճգնաժամային իրադարձությունները կարող են խիստ վնասել համայնքային կենսունակություն ապահովող այն համակարգերը, որոնք պատասխանատու են սննդաբաշխման, ջրամատակարարման, առողջապահության, տրանսպորտի, աղբահանման, ինչպես նաև տեղական և միջազգային հաղորդակցության համար: Այս պատճառները նվազեցնում են բիզնես և անհատական ներդրումները աղետի գոտիներում և տպավորություն ստեղծում, որ այդ գոտիներում գոյություն ունի աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված գործողությունների սակավություն: Ռիսկերի նվազեցումը պետք է թերևս դառնա զարգացման պլանի առանցքային մասերից մեկը, որպեսզի չստեղծվի այնպիսի ընկալում, որ աղետի ռիսկերի նվազեցման բյուջեն գերակայում է այլ առաջնայնությունների և սակավ ռեսուրների նկատմամբ: Աղետի ռիսկերի ամբողջական կառավարումը ավելի արդյունավետ կարող է լինել այն ժամանակ, երբ այն միտված լինի դեպի տարբեր շահեկիցների կարիքների բավարարումը և մրցունակ առաջնայնությունները: Ընդհանուր առմամբ, խթաններն ավելի արդյունավետ են դառնում այն ժամանակ, երբ աղետի ռիսկերի կառավարումը ակնհայտորեն նպաստում է համայնքի տնտեսական և սոցիալական բարեկեցությանը: Համայնքի ղեկավարները, տեղական կառավարման մարմինները և ոլորտում որոշում կայացնող անձինք պետք է պարբերաբար զբաղվեն աղետների ազդեցությամբ և հետևանքներով, որոնք առաջանում են բնական կամ տեխնածին պատահարներից: Աղետների ժամանակ առաջին արձագանքն ստացվում է տեղական կառավարման մարմինների կողմից, որոնք երբեմն ստիպված են լինում ստանձնել մի շարք պատասխանատվություններ` չունենալով անհրաժեշտ միջոցներ: Օգնության առաջին ալիքը գալիս է տեղական կառավարման մարմիններից կանխատեսման, կառավարման, աղետի ռիսկի նվազեցման, նախազգուշացման նախապատրաստական աշխատանքների և ճգնաժամային հատուկ կառույցների ստեղծման և ղեկավարման աշխատանքների տեսքով:
Աղետադիմացկուն համայնքներն այն համայնքներն են, որտեղ աղետները նվազագույնի են հասցված, որոնք ունեն իրազեկ, վստահելի տեղական կառավարման մարմիններ և որտեղ տեղական իշխանություններն ու հասարակությունը հասկանում են ռիսկերը, ստեղծում են ընդհանուր աղետների ռիսկերի և վտանգների վերաբերյալ տեղական տեղեկատվական բազա: Ավելի աղետադիմացկուն համայնքը միջոցառումներ է ձեռնարկում աղետի կանխատեսման և մեղմացման ուղղությամբ, ունակ է արձագանքելու և անմիջապես վերականգնողական ռազմավարություն իրականացնելու:
Հայաստանում բնական և տեխնածին աղետների ռիսկը մեծ է: Սա պայմանավորված է երկրում առկա մի շարք լուրջ խնդիրներով, որոնք գալիս են ուժգնացնելու այդ վտանգների նկատմամբ հայաստանաբնակների խոցելիությունը և ենթարկվածությունը: 2007-ից մինչ այսօր «Միավորված ազգերի կազմակերպության» (ՄԱԿ) զարգացման ծրագրի (UNDP) երևանյան գրասենյակը Հայաստանում իրականացնում է աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված ծրագիրը, որի հիմնական նպատակն է աղետի կառավարման կարողությունների ամրապնդումը: Այս ծրագրի շրջանակներում և «Հյոգոյի գործողությունների ծրագիր» (ՀԳԾ) հետ համատեղ մշակվել և Հայաստանի կառավարության կողմից ընդունվել է «Աղետների ռիսկերի նվազեցման ազգային ռազմավարությունը», որի հիմնանպատակն է ստեղծել ավելի աղետադիմացկուն երկիր: Այս մոտեցման համատեքստում կիրառական գործիքներ են մշակվել և համալրվել պլանավորման հավելյալ բաղադրիչով` համայնքային դիմացկունության վկայականով, որը ենթադրում է համայնքում աղետային ռիսկերի նվազեցմանն ուղղված նախագիծ:
2013 թ-ի հոկտեմբերին «Աղետադիմացկուն համայնքի ստեղծում» փորձնական ծրագիրը մեկնարկեց Մեղրիի տարածաշրջանի Նռնաձոր և Կարճևան գյուղական համայնքներում: Ծրագիրն իրականացվել է «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի» շրջանակներում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, «Շուկաներ Մեղրիի համար» (M4M), ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման (UNOCHA) կովկասյան և կենտրոնասիական տարածաշրջանային գրասենյակի (ROCCA) համատեղ նախաձեռնությամբ: Աղետների ռիսկի նվազեցման խնդիրները «Շուկաներ Մեղրիի համար» ծրագրի համատեքստում Մեղրիի տարածաշրջանի կայուն զարգացման համար առանցքային նախապայմաններ են: Ավելին, փորձնական ծրագրի շրջանակներում M4M-ը և UNDP-ն հատուկ կարևորություն տվեցին երիտասարդների ներգրավվածությանը՝ ոլորտի մասնագետների և հեռավոր գյուղերում ապրող երիտասարդների միջև համագործակցության հարթակ ստեղծելու նպատակով: Նույն կերպ, երիտասարդ մասնագենտները կարող են օրինակ ծառայել գյուղական համայնքներում ապրող իրենց հասակակիցների համար: Այդ իսկ պատճառով ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից» բակալավրի և մագիստրատուրայի ուսանողներ են հրավիրվել այս միջոցառմանը մասնակցելու, անձամբ գիտելիք ստանալու և ծանոթանալու ռիսկ- զարգացում- դիմացկունության փոխկապակցվածությանն ուղղված համայնքային գործելակերպերին: 12 ընտրված երիտասարդ առաջնորդներ անմիջական մասնակցություն ցուցաբերեցին այս նախաձեռնության շրջանականերում իրակացվող յուրաքանչյուր գործողությանը: Միջոցառման անդրանիկ հանդիպումները տեղի ունեցան Նռնաձոր և Կարճևան համայնքներում՝ այդ համայնքների տեղական կառավարման մարմինների մասնակցությամբ: Այս հանդիպումների նպատակն էր ներակայացնել «աղետադիմացկուն համայնք» կոչվածը համայնքի անդամներին և ուսանողներին: Այս հանդիպումներից հետո խոցելիության և կարողությունների գնահատում իրականացվեց ուսանողների անմիջական մասնակցությամբ: Ուսանողներից և փորձագետներից բաղկացած առաջին խումբը հարցումների միջոցով տվյալներ էր հավաքում համայնքի բնակիչներից: Այստեղ տեղ գտած հարցերը վերաբերում էին համայնքային կյանքի մի շարք ոլորտներին` մասնավորապես աղետների ռիսկերի նվազեցման կողմերին: Հարցաշարը թույլ տվեց , որպեսզի մարդիկ արտահայտեն իրենց ուղղակի և անաչառ կարծիքը այն առօրյա խնդիրների վերաբերյալ, որոնց հետ առնչվում է իրենց համայնքը: Մյուս խումբը ներգրավված էր խմբային քննարկումներում: Հատուկ մասնագիտություններով մարդկանցից (վարչական, բժշկական աշխատակիցներ, մանկավարժներ, ագարակատերեր, կանայք և այլն) խմբեր էին ձևավորվել: Խմբային այս քննարկումների ընթացքում հնարավոր դարձավ հասկանալ համայնքի առօրյա խնդիրները, իսկ քննարկումների արդյունքում մշակվեցին այսպես կոչված սեզոնային և պատմական օրացույցեր: Սեզոնային օրացույցը, որը լրացվեց համայնքի բնակիչների կողմից, միտված էր տեսնելու և գնահատելու ռիսկերի հաճախականությունը հենց բնակիչների դիտանկյունից, այնինչ պատմական օրացույցը, որը նույնպես լրացվել էր համայնքի բոլոր թիրախային խմբերից հավասար ներկայացվածությամբ բնակիչների հետ, միտված էր հաշվի առնելու սեռային և հատկապես տարբեր տարիքային խմբերի մասնակցությունը: Ուսանողներից և փորձագետներից բաղկացած երրորդ խումբը ներգրավված էր քարտեզագրման գործողություններում: Քարտեզագրումը ԱՌՆ սեկտորում հայտնի է որպես տեսագծման գործիք այն ռիսկային գոտիների համար, որոնք նկատելի չեն ամենօրյա կյանքում: Չորրորդ խումբը հարցազրույցներ էր անցկացնում համայնքների ղեկավարների հետ: Այս հարցազրույցների ընթացքում օգտագործվում էր մեկ այլ հարցաթերթիկ, որը մշակվել էր հատուկ համայնքների ղեկավարների համար:
Վերոնշյալ բոլոր գործողությունները կատարվել են յուրաքանչյուր համայնքի համար նախատեսված մեկական օրվա ընթացքում: Յուրաքանչյուր իրադարձություններով լի օրվանից հետո ուսանողները, ծրագրի ներկայացուցիչները, ինչպես նաև փորձագետները հանդիպումներ էին անցկացնում՝ ամփոփելու օրվա արդյունքները և վերլուծելու ստացված տեղեկատվությունը: Ավելին, ուսանողները և փորձագետները նաև մասնակցում էին համայնքի վերաբերյալ երկրորդային տեղեկատվության ձեռքբերման աշխատանքներում: Երկրորդային տեղեկատվության աղբյուրներ են հանդիսացել տեղական կառավարման մարմինների վերաբերյալ պաշտոնական մի շարք հրապարակումներ, քարտեզներ, այլ կազմակերպությունների կողմից իրականացված ծրագրերի հաշվետվություններ և այլն:
Ուսանողների համար ամբողջ ծրագիրն անչափ տպավորիչ էր.
– Պատկերացնել անգամ չէի կարող, որ կաշխատեինք նման բարձրակարգ մասնագետների հետ: Հիանալի էր ուղղակի, որովհետև մի քանի օրվա ընթացքում, բառիս բուն իմաստով, սովորեցի այնքան, որքան կսովորեի տարիների ընթացքում: Ճիշտ են ասում, որ լավ է մեկ անգամ տեսնել , քան հազար անգամ լսել,- հարցազրույցի ժամանակ ասում էր ուսանողներից մեկը՝ Սոֆի Բախտամյանը:
-Մեղրի ուղևորվելու ժամանակ մտքովս չէր անցնում, թե ինչ էր ինձ այնտեղ սպասում: Գիտեի, որ հեռավոր համայնքներից մեկն է, բայց չէի պատկերացնում, թե մարդիկ այստեղ ինչ խնդիրներ ունեն,- ասում է ուսանողուհի Լիդիա Մաթևոսյանը:
– Շատ բաց և ակտիվ մարդկանց հանդիպեցի այստեղ հատկապես երիտասարդների շրջանում: Նրանք ուղղակի աջակցության, տարբեր խնդիրների նկատմամբ նոր մոտեցումների կարիք են զգում: Շատ ուրախ եմ, որ ինչ-որ տեղ մենք օգտակար եղանք,- ասում է ուսանողուհիներից Կարինե Մանուկյանը:
Միջոցառումից անմիջապես հետո երկու շաբաթվա ընթացքում փորձագետները վերլուծություն ներկայացրին համայնքի անդամներին և ծրագրի գործընկերներին՝ եզրակացությունների և առաջարկությունների համար: Վերլուծությունը համայնքում հնարավոր կոնկրետ վտանգների մասին տեղեկատվություն և գիտելիք է տրամադրում, ինչը հնարավոր է դարձնում առաջնայնությունների, աղետների ռիսկերի նվազեցման առկա միջոցների և այդ միջոցների կիրառման եղանակների վերհանումը` հանուն համայնքում գիտելիքի և բարի կամքի խթանման:
Մայիսին արդեն պատրաստ կլինեն այս համայնքների զարգացման քառամյա նախագծերը: Շնորհիվ այս ծրագրի, M4M-ի և UNDP-ի թիմերի չխնայած ջանքերի՝ նշված եզրակացություններն ու առաջարկությունները կընդգրկվեն համայնքների զարգացման քառամյա նախագծերում: Արդյունքում, ակնկալվում է ունենալ աղետների ռիսկի նվազեցման և դիմացկունության բարձրացման համար նախատեսված թիմեր, որոնք իրենց հետագա կենսունակությունը կապահովեն տեղական կառավարման մարմինների աջակցությամբ: Այս համայնքները հետագայում կունենան իրենց ռիսկերի վկայականները (Community Risk Certificates), որոնք կդիտարկվեն որպես համայնքի անվտանգության ցուցիչներ, որոնք գրանցում են համայնքի սոցիալ-տնտեսական և ֆիզիկական հարաչափերը, ինչպես նաև անվտանգության կարգավիճակը` տրամադրելով տեղեկատվություն այն բոլոր ռիսկերի մասին, որոնց կարող է ենթարկվել այս կամ այն համայնքը: Կտրամադրվեն նաև այն բոլոր մեխանիզմները, որոնք համայնքի համաձայնությամբ կարող են օգտագործվել այս կամ այն աղետի դեպքում:
M4M-ը և UNDP-ն այս պահի դրությամբ քննարկում են Մեղրիի տարածաշրջանի այլ համայնքներում ևս նման ծրագիր իրականացնելու հնարավորությունները: Մասնավորապես դիտարկվում են Մեղրի և Ագարակ քաղաքները: